Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Куда Россия денется без Армении?

Куда Россия денется без Армении?

Wed, 13 May 2026 18:45:19 +0400


ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ավելի շատ ռո՞ւս է, թե՞ ՔՊ-ական: Փաշինյանը պլանավորված փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, Հայաստանը միացնում է Ռուսաստանի դեմ պատերազմող հակառուսական արեւմտյան դաշինքին, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ԵԱՏՄ-ին անդամակցությունը` կասկածի տակ, իսկ Սանդիկովը պաշտպանում է փաշինյանական քաղաքականությունը: Անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, նա ասում է. «ՀՀ լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը մեր հարգարժան, սիրելի ՌԴ նախագահին պարզ լեզվով ասել է, որ մենք համատեղելու ենք այնքան, որքանով դա ձեռնտու է ՀՀ-ին, եւ որքանով մեկը մյուսին չի խանգարում»: Սանդիկովը ՌԴ նախագահին անհասկացող, մտավոր հետամնաց է անվանում, այլ կերպ չես բացատրի, որովհետեւ, եթե մարդուն պարզ լեզվով բան ես ասում, իսկ նա շարունակում է իրենը պնդել, ասում է` չեք կարող այլեւս ժամանակ ձգել, պետք է արագ կողմնորոշվեք, նշանակում է՝ այդ մարդը հասկացողության հետ խնդիր ունի՝ առնվազն դիմացինի ընկալմամբ:

Փաշինյանի տված այս տնային առաջադրանքն անգիր սովորել ու կրկնում են բոլոր ՔՊ-ականները, բայց Սանդիկովի դեպքն արտառոց է նրանով, որ նա ՀՀ ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանում ռուսական համայնքը եւ պետք է պաշտպանի այդ համայնքի շահերը, որոնք ենթադրում են Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամություն, ոչ թե՝ թշնամություն։ Սանդիկովը պետք է դեմ լինի Հայաստանի` հակառուսական դաշինքին միանալու փաշինյանական քաղաքականությանը, բայց եթե դեմ լինի, այդ դեպքում Փաշինյանը նրան չի տանի ԱԺ, եւ նա պատգամավորական աշխատավարձ, պարգեւավճար չի ստանա, պետության հաշվին չի շրջագայի, ուստի նա իրեն դրսեւորում է իբրեւ շարքային ՔՊ-ական` սկզբունքներն ու արժեքները ստորադասում է փողին եւ անձնական շահին:

«Մինչեւ էն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե եւ դե ֆակտո, նման հարց օրակարգում չենք դնի: Ես համաձայն չեմ նաեւ «ապահարզան» ձեւակերպման հետ, միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: ՀՀ միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, եւ մենք ԵԱՏՄ լիիրավ անդամ ենք ու քանի դեռ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը», Սանդիկովի միտքը, մի փոքր այլ ձեւակերպմամբ, ասել է Փաշինյանը, որն իր հերթին ՌԴ նախագահին միջպետական եւ ընտանեկան հարաբերությունների դաս է տվել՝ բացատրելով, որ դրանք տարբեր հարթություններ են, դրանք պետք չէ շփոթել: Ինչպես գիտեք, Փաշինյանը միջպետական եւ ընտանեկան հարաբերությունների խոր գիտակ եւ միջազգայնորեն ճանաչված մասնագետ է:

Ապահարզան ասելով՝ Վլադիմիր Պուտինը նկատի ուներ Հայաստանի բաժանումը ԵԱՏՄ-ից, իսկ Փաշինյանը մեծ հաշվով ասում է, թե՝ դուք չէ, որ պետք է որոշեք՝ մենք լինե՞նք ԵԱՏՄ-ում, թե՝ ոչ, քանի դեռ մեզ ձեռնտու է մնալ, կմնանք, երբ որոշենք դուրս գալ, այդ ժամանակ էլ դուրս կգանք, Պուտին, դու քեզ հանգիստ պահիր: Որտեղի՞ց է գալիս Փաշինյանի այս վստահությունը: Հնարավոր է, որ նա ունի ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց մասին առայժմ չի խոսում:

Ռուսաստանը կարող է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, որը կայանալու է մայիսի 28-29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, դնել Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը: Բայց նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն հարցը, որ Հայաստանը, լինելով կազմակերպության հիմնադիր անդամ, ունի խոսքի իրավունք, հնարավոր է, որ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու գաղափարին դեմ դուրս գա նաեւ Ղազախստանը, մի երկիր, որի իշխանությունը, Հայաստանի նման, գտնվում է Արեւմուտքի ազդեցության տակ, սակայն տնտեսական եւ աշխարհագրական պատճառներով չի ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ: Հնարավոր է, որ Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ ունի բանավոր պայմանավորվածություն, որ երբ դրվի Հայաստանի` կազմակերպությունից հեռացնելու հարցը, Ղազախստանը դեմ լինի այդ գաղափարին, այն հիմնավորմամբ, որ Հայաստանը գոնե ֆորմալ առումով որեւէ բան չի արել, որը հակասում է ԵԱՏՄ կանոնադրությանը, որը հիմք տա՝ նման հարց քննարկելու, եւ այդ դեպքում Ռուսաստանին այլ բան չի մնա, քան հրաժարվել հարցի քննարկումից, որովհետեւ առճակատումը միաժամանակ երկու պետության հետ կասկածի տակ կդնի կազմակերպության գոյությունը:

Իսկ փաշինյանական ռազմավարությունն այս հարցում հետեւյալն է. հիմա Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել գործող վարչախմբի վրա, որ հայ հասարակությանը կողմնորոշի դեպի այն ուժերը, որոնք Ռուսաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ կառուցելու կողմնակից են, բայց եթե իրենց հաջողվի վերարտադրվել, բռնազավթած պահել իշխանությունը, ՌԴ իշխանությունները ստիպված կլինեն համակերպվել փաստի հետ եւ, պատժամիջոցներ սահմանելու փոխարեն, կշարունակեն համագործակցել, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հիմա է: Куда Россия денется без Армении?

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում

Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում Wed, 13 May 2026 16:07:28 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով