«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»
Thu, 17 Sep 2026 20:39:02 +0400

«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»․ եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր, հավանաբար այսպես կվերնագրեի հոդվածը։ Բայց քանի որ խոսում եմ նաև իմ համահեղինակած աշխատանքի մասին, ուզում եմ ամեն ինչ ներկայացնել փաստերով՝ պահպանելով կոռեկտությունը, գործընկերային համերաշխությունն ու մասնագիտական էթիկան՝ չմանրամասնելով ֆիլմի ստեղծման ընթացքում մեզ հանդիպած բազմաթիվ այլ խոչընդոտները։
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը բռնազավթված Արցախ պարզապես հերթական շրջայց չէր։ Ադրբեջանի նախագահի օգնականը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրեց որպես «հին Կովկասյան Աղվանքի» ժառանգություն։ Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նա բացեց ձեռագրերի համար պատրաստված դատարկ մակետները և դրանք դիվանագետներին ներկայացրեց այնպես, կարծես հայերն այնտեղ կեղծ մշակութային ցուցադրություն էին կազմակերպել․ ամբողջ տեսարանը վերածվեց ցուցադրական ծաղրի՝ միջազգային դիվանագետների աչքի առաջ նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելով հայ ժողովրդի, նրա պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ։
Մինչդեռ Մատենադարանի տնօրենը պարզաբանեց, որ Գանձասարում երբևէ հնագույն ձեռագրերի բնօրինակներ չեն պահվել՝ պահպանության համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։ Այնտեղ ցուցադրվել են կրկնօրինակներ, իսկ բնօրինակները պահպանվում են Երևանի Մատենադարանում։ Գանձասարում պահված և այժմ Մատենադարանում գտնվող ամենահին ձեռագիրը թվագրվում է 909 թվականով։ Այսինքն՝ դիվանագետներին ներկայացվեց ոչ թե պատմական փաստ, այլ նախապես կառուցված քարոզչական գռեհիկ տեսարան։
Բայց սա, ի դժբախտություն մեզ, միակ դրվագը չէ։ Այն Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և ինստիտուցիոնալ յուրացման քաղաքականության շարունակությունն է։ Դադիվանքը, որ ադրբեջանական պաշտոնական խոսույթում ներկայացվում է որպես աղվանական վանական համալիր, 2020-ից հետո այնտեղ պարբերաբար տարվում են Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչներ՝ միջազգային լսարանի համար ստեղծելով այն պատկերը, թե վանքը նրանց պատմական աղոթատեղին է։
2022-ի փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարեց հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրեր և հեռացներ, իրենց ձևակերպմամբ, «աղվանական տաճարների վրայի հայկական կեղծ արձանագրությունները»։ Այս հայտարարությունն արձանագրվել է նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների՝ Ադրբեջանին ուղղված պաշտոնական հաղորդակցության մեջ։ Սա արդեն պարզապես քարոզչական մեկնաբանություն չէ, այլ հայկական հետքը վերացնելու պետականորեն կազմակերպված մտադրության բացահայտ քայլեր։
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի դեպքում պատերազմից հետո սկսված այսպես կոչված «վերականգնման» ընթացքում հեռացվեցին գմբեթն ու խաչը։ Ադրբեջանական պաշտոնական և քարոզչական հարթակներում սկսեց շրջանառվել թեզը, թե տաճարը ռուսական կամ աղվանական ծագում ունի, իսկ հայկական գմբեթն ավելացվել է միայն 1990-ականներին։ Այդ պնդմանը հակասում են տաճարի՝ ավելի քան մեկ դար առաջ արված լուսանկարները։
Ծիծեռնավանքը ևս ներկայացվում է բացառապես որպես հին աղվանական ճարտարապետության հուշարձան։ Պետական լրատվամիջոցներով կազմակերպվում են հատուկ նկարահանումներ, որոնցում հայկական պատմական և հոգևոր շերտը պարզապես դուրս է մղվում պատմությունից։
Եվրախորհրդարանը դեռ 2022 թվականին դատապարտել էր Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ժխտումը՝ այն կապելով պետական մակարդակով իրականացվող պատմական վերանայման հետ։ Այսինքն՝ խնդիրը վաղուց փաստագրված է նաև միջազգային կառույցների մակարդակով․․․
Վերջին շրջանում ինչ սկսել եմ նոր փոդքասթս վախերի մասին սկսել եմ խորանալ մարդկային վախերի ու դրանց կառավարման մեխանիզմների ուսումնասիրության մեջ ու հիմա ավելի հստակ եմ տեսնում, թե ինչպես կարող է հանրային գիտակցությունը ենթարկվել վտանգավոր վերափոխման։
Հանրային խոսույթում պարբերաբար շրջանառվում է այն միտքը, թե պետք է հնարավորինս արագ ազատվել «ցեղասպանվածի հոգեբանությունից», փակել Արցախի էջը և դրանով իբրև թե փրկել Հայաստանը։ Բայց մշակութային ուրացման այս միջավայրում հասարակության մեջ ձևավորվում է մեկ այլ՝ գուցե ավելի վտանգավոր վիճակ, որը ես կանվանեի «տեղահանվողի և տարանցիկ կենվորի հոգեբանություն», երբ մարդուն աստիճանաբար վարժեցնում են իր իսկ երկրում ապրել որպես ժամանակավոր վարձակալ։ Նրան փոխանցում են, որ սեփական պատմության մասին բարձրաձայնելը վտանգավոր է, սեփական ժառանգությանը տեր կանգնելը՝ պատերազմի հրավեր, իսկ կորուստների մասին հիշեցնելը՝ խաղաղությանը խանգարող վարք կամ «անխնամ խաղաղություն»։
Այսպես է ձևավորվում ձեռքբերովի անօգնականությունը․ երբ հասարակությանը շարունակաբար համոզում են, որ իր գործողություններից ոչինչ կախված չէ, որ հակազդելն անիմաստ է, որ լռությունն անվտանգ է, իսկ հիշողությունը՝ վտանգավոր։
Այս համատեքստում երբեմն տողատակերով առաջ է քաշվում մի խիստ նուրբ դիլեմա՝ արդյոք հազարավոր մարդկային կյանքերի կորստից հետո արժե՞ այդքան անհանգստանալ պատմամշակութային կոթողների համար։ Այս չասված, բայց օդում կախված տրամադրությունն ակամայից խաղում է մեր հասարակության ամենամեծ վախի՝ նոր էսկալացիաներից խուսափելու բնական մղման հետ։ Բայց պետք է հստակ արձանագրել՝ այդ վանքերը լոկ քարեր չեն։ Դրանք մեր պատմական ներկայության նյութական վկայություններն են, մեր ինքնության փաստաթղթերը։ Մարդկային կյանքն ու մշակութային ժառանգությունն իրար հակադրելը կեղծ ընտրություն է։ Մեր տղաները չեն զոհվել, որ հետո նրանց պաշտպանած հողը, եկեղեցիներն ու պատմությունը հեշտությամբ հանձնվեն ուրիշի խմբագրմանը։
Վախից դրդված լռությունը խաղաղություն չի երաշխավորում։ Այն կարող է պարզապես անպատասխան թողնել էթնիկ զտումը և ճանապարհ բացել նոր կեղծ թեզերի, այդ թվում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսության համար։
Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․
Այստեղ խնդիրը միայն այն չէ, թե Հայաստանի պաշտոնական կառույցներն արձագանքո՞ւմ են, թե՞ ոչ։ Հարցն այն է, թե արձագանքը համաչա՞փ է Ադրբեջանի իրականացրած համակարգված տեղեկատվական գործողությանը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պարբերաբար տասնյակ երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների տանում է իր վերահսկողության տակ անցած տարածքներ, նրանց համար խնջույքներ կազմակերպում և հենց տեղում ներկայացնում նախապես կառուցված պատմական պատում։
Հայկական կողմի արձագանքը հիմնականում սկսվում է արդեն տեղի ունեցած քարոզչական ակցիայից հետո, այն էլ՝ օրեր անց։
Գանձասարի վերջին դեպքից հետո Մատենադարանը փաստարկված պատասխան տվեց, իսկ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում այցելեց Մատենադարան և ծանոթացավ հայկական ձեռագրերին։ Արտգործնախարարը հայտարարեց, որ «անհրաժեշտ քայլերն արվել են»։
Սակայն սա չի փոխում հիմնական խնդիրը․ մենք շարունակում ենք գործել ռեակտիվ՝ արձագանքող տրամաբանությամբ։ Չկա մշտական, նախահարձակ և բազմալեզու տեղեկատվական քաղաքականություն, որի շրջանակում հայկական արխիվները, ձեռագրերը, գիտական հետազոտություններն ու ֆիլմերը կներկայացվեն դիվանագետներին և միջազգային որոշում կայացնողներին։ (Այստեղ, իհարկե, հնչող հայտնի բանաձևով գուցե ինձ հակադարձեն, թե՝ «ինչ պետք է, այն էլ անում ենք»… Բայց տեսնելով մեր արխիվների և պատմության նկատմամբ այս լռությունը՝ արդարացի հարց է ծագում. իսկ իրականում ո՞ւմ է «պետք» այն, ինչ հիմա արվում կամ չի արվում)։
Այս ասիմետրիան մեղմ ասած վտանգավոր է։ Մի կողմը ստեղծում է տեսարան, հավաքում դիվանագետներին և տարածում պատրաստի նարատիվ, իսկ մյուս կողմը հետո փորձում է առանձին հայտարարություններով հերքել արդեն շրջանառության մեջ դրված կեղծիքը։
Մինչդեռ պետական միջոցներով կամ մասնավոր հովանավորությամբ ստեղծված վավերագրությունները պետք է դառնային ԱԳՆ-ի, դեսպանատների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչների և օտարերկրյա լրագրողների ամենօրյա աշխատանքային նյութը։ Դրանք պետք է թարգմանվեին, ենթագրավորվեին, համակարգված արխիվացվեին ու տարածվեին՝ ոչ միայն ներքին լսարանի հույզերին դիմելու, այլև միջազգային փաստահավաք աշխատանքին ծառայելու համար։ (Այստեղ, իհարկե, կրկին պատկան մարմիններից կշտապեին արդարանալ իրենց վաղուց մաշված, հերթապահ խոսույթով, թե իբր պետք չէ ամեն ինչ ի լուր աշխարհի անել, և «մենք այդ հարցերը մշտապես բարձրաձայնում ենք փակ, ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ»։ Բայց եկեք անկեղծ լինենք. երբ թշնամին քո պատմությունը յուրացնում է օրը ցերեկով, պետական մակարդակով, տեսախցիկների ու միջազգային դիվանագետների աչքի առաջ, կուլիսներում շշուկով արված մեր դիվանագիտական «հակահարվածները» վերածվում են պարզապես ինքնախաբեության։ Փակ դռների հետևում արված արդարացումներն ու սուրճի սեղանի շուրջ բանակցություններն անիմաստ են, երբ կեղծիքը լեգիտիմացվում է բացահայտ։ Առանց ագրեսիվ, փաստարկված ու հրապարակային պաշտպանության՝ այդ «փակ հանդիպումները» ոչ այլ ինչ են, քան սեփական անգործությունը քողարկելու թզենու տերև ու նաև դիվանագիտական ֆրոնտում կապիտուլյացիա)։
Ինչո՞ւ են անհասանելի դառնում վավերագրական ապացույցները․ հարց Առաջին ալիքին
Ֆիզիկական պարտությունը չպետք է վերածվի կամավոր տեղեկատվական ու դիվանագիտական զինաթափման։ Ես՝ որպես լրագրող և սցենարիստ, իմ փոքրագույն մասնակցությունն եմ ունեցել այս մեծ տեղեկատվական պայքարի մեծ օվկիանոսում։
«Արցախ՝ հայի տուն» հինգ մասից բաղկացած վավերագրական ֆիլմաշարը ներկայացնում էր Շուշին, Տիգրանակերտը, Ամարասը, Գանձասարն ու Դադիվանքը։ Ես իսկապես հպարտ եմ, որ իմ ընկերը՝ Hayk Navasardyan-ը, հենց ինձ առաջարկեց միասին աշխատել այս նախագծի վրա։ Այսօր առավել քան երբևէ գիտակցում եմ, թե որքան կարևոր էր այդ աշխատանքը։
Սա գուցե լավագույն վավերագրական ֆիլմաշարը չէ, բայց
Արցախի մասին ստեղծված բազմաթիվ այլ նյութեր պարզապես ֆիլմեր չեն։ Դրանք պատմական վկայություններ են, որոնք պատշաճ արխիվացման, թարգմանության ու մասնագիտական ներկայացման դեպքում կարող են դառնալ միջազգային փաստահավաք և իրավապաշտպան աշխատանքի կարևոր աղբյուրներ։
Սակայն այստեղ կա մի փաստ, որի մասին, որպես ոլորտի և Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակից, ուզում եմ հրապարակայնորեն հարց բարձրացնել՝ առանց որևէ մեկին կանխավ մեղադրելու։
Իմ ստուգման պահին Առաջին ալիքի պաշտոնական կայքում «Արցախ՝ հայի տուն․ Շուշի» սերիայի հղումը բացակայում էր․ Մինչդեռ մյուս չորս թողարկումների էջերը հասանելի էին։ Իսկ
Հանրայինի պաշտոնական յութուբյան ալիքում որոնման պահին ինձ հաջողվեց գտնել ֆիլմաշարի հինգ մասերից միայն երկուսը։ Գանձասարին և մյուս թողարկումներին նվիրված սերիաները նույնկերպ հասանելի չէին։
Բացակայող կամ չբացվող նյութերի էջերը սքրինել եմ և կտեղադրեմ այս հրապարակման մեկնաբանություններում։
Միաժամանակ մեծապես հույս ունեմ, որ սա ընդամենը տեխնիկական վրիպակ է, հղումների կամ որոնման համակարգի խնդիր։ Ես չեմ ուզում տրվել դավադրությունների տեսություններին և առավել ևս չեմ ցանկանում առանց Հանրայինի պարզաբանման որևէ դիտավորություն վերագրել գործընկերներիս։
Այդ պատճառով հրապարակայնորեն համեստաբար խնդրում եմ Հանրային հեռուստաընկերությանը պարզաբանել․
-պահպանվո՞ւմ է արդյոք հինգ մասից բաղկացած ֆիլմաշարի ամբողջական արխիվը,
-ինչո՞ւ Շուշիի սերիայի էջն այլևս չի բացվում,
-ինչո՞ւ ֆիլմաշարի բոլոր մասերը հեշտությամբ հասանելի չեն պաշտոնական յութուբյան ալիքում,
-և նախատեսվո՞ւմ է արդյոք վերականգնել, վերաթողարկել, թարգմանել ու կրկին ցուցադրել այս նյութերը։
Իդեալական աշխարհում Հանրայինը՝ որպես երկրի և հանրության հիշողությունը պահպանող հեռուստաընկերություն, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է վերականգներ ու վերաթողարկեր ամբողջ ֆիլմաշարը։
Ավելին՝ այս օրերին, երբ միջազգային դիվանագետների ներկայությամբ Գանձասարի ու Դադիվանքի հայկական ինքնությունն է կասկածի տակ դրվում, Հանրայինը կարող էր ֆիլմաշարը կրկին ցուցադրել եթերում՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ, տեղադրել բոլոր թվային հարթակներում և ապահովել առնվազն անգլերեն ենթագրեր։
Սա կլիներ ոչ միայն հեռուստատեսային կրկնություն, այլև հանրային հեռարձակողի ուղիղ առաքելության իրականացում՝ պահպանել երկրի պատմական հիշողությունը և այն հասանելի դարձնել աշխարհին։ Բայց սա իդեալական աշխարհում․․․
Մենք իրավունք չունենք մեր իսկ ստեղծած վավերագրությունները թողնել թվային մոռացության մեջ հենց այն ժամանակ, երբ հակառակ կողմը պետական մակարդակով վերախմբագրում է մեր պատմությունը։
Այսօր հրապարակում եմ հատկապես Գանձասարին նվիրված սերիան, ոչ միայն հիշելու համար, այլև որպես վավերագրված հակափաստարկ։
Կյանքումս առաջին անգամ նման երկար հրապարակում անելով՝ խնդրում եմ, եթե տեսնեք հրապարակումս, դիտե՛ք և տարածե՛ք։
Մենք պետք է հաղթահարենք մեր պատմությանն ու արխիվներին տեր կանգնելու վախը։ Հակառակ դեպքում կարող ենք վերածվել հավերժ տեղահանվողների՝ նույնիսկ մեր սեփական հայրենիքում․․․
Այս մասին գրել է Լիլիթ Հարությունյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր