Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն
Mon, 26 Oct 2026 13:41:49 +0400

Երևանում նախատեսվում է երկարացնել էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մասին հայտնել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ ընդգծելով, որ հանրային տրանսպորտի զարգացումը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից մեկը։
Ներկայում էլեկտրատրանսպորտի աշխատանքն ավարտվում է ժամը 20:30-21:00-ի սահմաններում։ Նախատեսվող փոփոխությունների արդյունքում այն կգործի մինչև ժամը 23:00-ն կամ կեսգիշեր՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ավելի ուշ ժամերին ևս օգտվել հանրային փոխադրումներից։
Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտի դերի բարձրացումն անհրաժեշտություն է, քանի որ քաղաքում մարդատար ավտոմեքենաների թվի աճը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում երթևեկության համար։ Նրա գնահատմամբ՝ ճանապարհների ընդլայնումը չի կարող անվերջ լուծում լինել, քանի որ ճանապարհային ենթակառուցվածքների ավելացումը պարտադիր չէ, որ հանգեցնի մեքենաների թվի նվազմանը։
Քաղաքապետը կարևորել է այնպիսի համակարգի ձևավորումը, որի պայմաններում հանրային տրանսպորտը քաղաքացիների համար կլինի տեղաշարժվելու ամենահարմար և հուսալի տարբերակը՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից։
Նրա համոզմամբ՝ քաղաքային տրանսպորտի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ նույնիսկ մի քանի ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն ունեցող քաղաքացիները նախընտրեն հանրային փոխադրամիջոցները։ Ավինյանը նշել է, որ այս մոտեցումը մնում է քաղաքային իշխանությունների ընդհանուր ռազմավարության հիմքում։
«Պետք է ունենանք մի իրավիճակ, երբ որ նույնիսկ մարդիկ, որոնք հարուստ են, համարում են, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր