Հետո ասում եք՝ Առուշն ինչո՞ւ նիկոլական դարձավ․․․
Tue, 10 Nov 2026 15:15:53 +0400

Ընդամենը մի քանի փաստ արձանագրեմ, հետո ամեն մեկն ինքն իր համար եզրակացություն կանի։
Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ ընդդիմադիր թեկնածու լինելը ռիսկ է դարձել։ Եթե ընդդիմադիր ես, պետք է պատրաստ լինես քրեական քրեական հետապնդման, կալանավորման։ Խոսքը մեկ-երկու դեպքի մասին չէ, համատարած է։
Ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում ընդդիմադիր թեկնածուների ու համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթներն այնքան սովորական են դարձել, որ բոլորին թվարկելու կարիք էլ չկա։
Կան ավելի ողբերգական դեպքեր։ Հիշենք Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը Մերձավանում։ Մարդը համայնքի ղեկավար էր, ընտրվել էր ընդդիմադիր դաշինքով, և սպանվեց։ Նրա հետ սպանվեց նաև ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մահ արձանագրվեց նաև այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Կալանավայրում ահացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանՍտեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանը։ Քրեակատարողական ծառայությունը հաստատել է մահը՝ նշելով, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, սակայն մահվան պատճառների ամբողջական պարզաբանում չկա։
Սրանք փաստեր են։ Դրանց միջև կապեր հորինելու կամ չապացուցված մեղադրանքներ ներկայացնելու կարիք չկա։ Բայց այս փաստերը մեկ բան հստակ ցույց են տալիս՝ ընդդիմադիր համայնքապետի կամ թեկնածուի պաշտոնը Հայաստանում ամենևին էլ անվտանգ ու հանգիստ զբաղմունք չէ։
Իսկ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերը, հետապնդումները, ճնշումների մասին հրապարակումները ձեր աչքի առաջ են։ Պարտադիր չէ անուն առ անուն թվարկել, բոլորդ էլ գիտեք։
Ու այսօր հայրենակիցներիցս մեկի հետ զրուցում էի։ Խոսք բացվեց Առուշ Առուշանյանի մասին։ Ասաց.
-Հետո ասում եք՝ Առուշն ինչո՞ւ նիկոլական դարձավ․․․
Ու գիտե՞ք՝ այս մի նախադասության մեջ ինչքան շատ բան կա։
Ես միայն մի բան կարձանագրեմ։ Համայնքներում շատերն արդեն հարմարվել են այն մտքի հետ, որ ընդդիմադիր թեկնածու լինելը աղետ է այդ մարդու, իր ընտանիքի համար։ Գտնում են, որ լեզու գտնեն Նիկոլի հետ, որ իրենց գոյությունը պահեն։ Բանտեր չընկնեն, տուն- տեղ չկորցնեն։ Նրանք տեսել են, թե ընդդիմադիր համայնքի ղեկավարն ինչպիսի ճնշումների, դատական քաշքշուկների, անորոշության ու վտանգների առաջ կանգնում։ Նրանք տեսնում են այն գաղջ միջավայրը, որտեղ այդ ընտրությունն է կատարվում։ Այս ամենի հետևանքով համայնքներում ձևավորվում է մի միջավայր, որտեղ ընդդիմադիր լինելն արդեն ընկալվում է որպես վտանգ, իսկ իշխանության հետ լեզու գտնելը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։ Իշխանությունը դա լավ է հասկանում ու իր գոյատևումը կապում է ընդդիմադիր համայնքի ղեկավարներին չեզոքացնելու հետ։
Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ իշխանությունը հերթով մեկուսացնի ընդդիմադիրներին, իսկ ինքը կողքից հետևի այդ ամենին։ Պետք է լինի հանրային պաշտպանություն, համախմբում, պահանջատիրություն։ Օրենքի շրջանակում, բայց հաստատակամ։ Ոչ թե սպասել, մինչև հերթով մեկին կալանավորեն, մյուսին վախեցնեն, երրորդին մեկուսացնեն, չորրորդն էլ ստիպված փոխի իր քաղաքական դիրքորոշումը, ու հետո նստել ու ասել՝ տեսա՞ք, դավաճանեց։ Սա, իհարկե, որևէ մեկին արդարացնելու փորձ չէ, բայց հասարակությանն արդարացնելու փորձ էլ չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր