Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Tue, 10 Nov 2026 20:45:54 +0400


Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով կատարվածին ասում է.

«Հերթական ողբերգությունն է տեղի ունեցել: Ես փորձեցի որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախկին նախագահ պատկերացնել, թե իմ գլխին քանի՞ մազ կմնար, եթե քրեակատարողականներում այսպիսի մահվան շքերթ տեղի ունենար: Հիշենք, թե ինչպես տարիներ առաջ` ուղիղ եթերում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ: Հիշենք Վոլոդյա Գրիգորյանին, որը պարզապես գնդակահարվեց իր տան բակում` Փարաքարի ընտրություններից մի քանի ամիս անց: Հիշենք այն քաղաքացուն, ով Նիկոլի պաստառը պոկելու համար ձերբակալվեց, ապա ինքնասպան եղավ, իսկ իշխանությունները շտապեցին հայտնել, որ նա գիժ էր, խելագար, և այլն: Ես քիչ առաջ լսում էի Արդարադատության նախարարի հայտարարությունը: Գիտեք ինչ, երբ կինն է այս աստիճան ապրումակցման զգացումից զուրկ, դա մի տեսակ առավել աբսուրդային է թվում: Այնպիսի հանգստությամբ էր խոսում կատարվածի մասին, որ պարզապես ապշում ես: Եթե այս ամենը տեղի ունենար այլ երկրում, ապա Արդարադատության նախարարն ու ՔԿԾ պետը վայրկյանների ընթացքում հրաժարական ներկայացրած կլինեին: Սա խայտառակություն է պարզապես, ես բառեր չեմ գտնում ասելու»:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ անդրադառնալով թեմային, նկատեց. «Նախ ցավակցում եմ Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին, տեղի է ունեցել ողբերգական դեպք: Պետք է արձանագրենք, որ հերթական անգամ քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանությունը, որը ունեցավ ողբերգական ավարտ: Արսենն էլ, շատ այլ ընդդիմադիր գործիչների նման, կալանավորված էր, այլ ոչ թե դատապարտված: Կալանքը ընդդիմությանը լռեցնելու միջոց է դարձել: Նիկոլ Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ամեն գնով ընդդիմությանը բանտարկել, եթե անգամ չկա որևէ դատավճիռ: Արսենը կալանավորվել էր ենթադրությունների հիման վրա, այն դեպքում, երբ այդ քրեական գործի շրջանակներում անթույլատրելի էր կալանավորել մարդուն, եթե անգամ տեսականորեն լիներ քրեական հանցանքի տարր: Նիկոլ Փաշինյանի և իր թիմի գլխավոր նպատակը ընդդիմությանը ուղղակի կալանավորելն է: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, և մենք տեսնում ենք, որ այս գործելաոճը հանգեցնում է նաև ողբերգական ավարտի: Առաջին դեպքը չէ: Հատկապես ՏԻՄ համակարգում ընդդիմադիր թեկնածուների հետ այսպես են վարվում: Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ընդդիմադիր թեկնածուի մահը ազդեցություն է թողնելու: Իշխանությունները խելքի չեն գալու, նրանք պետք է հեռանան: Հայաստանում պետք է ժողովրդավարություն հաստատվի, ինչի մասին հեքիաթներ են պատմում Փաշինյանն ու իր թիմակիցները»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան Tue, 10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով