«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ
Thu, 26 Nov 2026 08:15:27 +0400

Նոր սահմանադրության նախագծի տեքստում ոչ միայն իրավաբանական անգրագիտություններ, այլեւ օրենքների եւ միջազգային նորմատիվ ակտերի հետ հակասություններ կան եւ, որքան էլ զարմանալի է, բազմաթիվ վրիպակներ ու քերականական սխալներ, ինչից տպավորություն է ստեղծվում, որ նախագծի վրա իրավաբաններ եւ անգամ գեթ մեկ հայ չի աշխատել։ Բազմաթիվ օգտատերեր արդեն քանի օր է՝ «սխալների ուղղմամբ» են զբաղված։ Դիցուք՝ Հոդված 74.5․ «կարող են ընտրվել… յուրաքանչյուր ոք»։ Պետք է լինի՝ կարող է ընտրվել, եւ այսպես՝ տասնյակ սխալներ, որոնք շարադրողների, խմբագիրների, հաստատողների՝ հայերենին չտիրապետելու մասին են վկայում։ Նախագծում ձեւախեղվել են նաեւ որոշ պարզ եւ համընդհանուր ընկալում ունեցող հասկացություններ։ Օրինակ, «հայ ժողովուրդ» ձեւակերպումը տեղը զիջել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» հասկացությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր