Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Ժառանգությունը» սատարում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

«Ժառանգությունը» սատարում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

Sat, 04 Apr 2026 22:13:10 +0400


Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։

«Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք:

Ա. Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ գոյութենական աղետի եզրին է՝ շարունակական տխեղծ հայրենատվության, նսեմացած ազգային ինքնագիտակցության և նպատակների, արդեն երեք տարի հայրենազրկված Արցախի, մեր ինքնության կարևորագույն վեմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոտնահարված իրավունքների, կորսված ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի, միասնության՝ խաթարված, անարժեք, արհեստական համակարգերի տեղապտույտից այսդին:

Վերոընդգծյալը՝ և ոչ միայն, արդյունք և հետևանք է տակավին իշխող խմբակի անկարող անգործության, իսկ արդեն վերջին շրջանում` ակնհայտ հանցավոր, ժողովրդավարական արժեքների հետ աղերս չունեցող գործունեության: Սեփական վերարտադրության անասնական մոլուցքը տրորել է ամենը, ինչը կարևոր է՝ ժամանակը, ինքնությունը, ազգային միասնությունը, հավատը և արժանապատվությունը:

Բ. Պատուհասած գոյաբանական աղետը մինչև գալիք համապետական ընտրությունների պաշտոնական մեկնարկը մեզնից և քաղաքական տիրույթի հանձնառու միավորներից պահանջում է.

հստակ մշակված, քաղաքական ճշգրիտ հաշվարկված հակազդեցության գործողություններ Հայրենիք-Սփյուռք համերաշխության պատվարի ներքո՝ համազգային համախմբման աներկբա արտահայտում,
հայրենատվության հերթական արարների բացառման, արժանապատիվ խաղաղության և ստեղծարար-կենարար աշխատանքի համար համաշխարհային ամբողջական ռեսուրսների ներառում,
հայկական Արցախում մեր հայրենակիցների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի առաջմղում:
Գ․ Մերժելով պետականության կազմաքանդմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ՝ հայ մարդու և հայկականության խնդիրներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է․

Չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։

Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը:

Պատասխանատու ենք և պարտական՝ հային, հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը»,- գրված է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026 …