Ինչ է առաջարկում Աբրահամյանը
Tue, 04 Aug 2026 12:10:20 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը առաջարկել է խորհրդարանում անցկացնել քննարկումներ և լսումներ՝ պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության վերաբերյալ։
Խորհրդարանում ելույթի ժամանակ Աբրահամյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանին, նշել է, որ նպատակահարմար է հարցերը քննարկել ոչ թե անձնական մակարդակում, այլ խորհրդարանական հարթակում՝ անհրաժեշտության դեպքում անդրադառնալով նաև պետական ընկերությունների ղեկավար կազմի գործունեությանը։
Նա հիշեցրել է, որ նախկինում խորհրդարանում կազմակերպվել են լսումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վերաբերյալ և առաջարկել է նման ձևաչափ կիրառել նաև այլ ընկերությունների դեպքում։
Ըստ Աբրահամյանի՝ տարբեր պետական մասնակցությամբ կառույցների աշխատանքի վերաբերյալ հանրության և լրատվամիջոցների կողմից բարձրացվում են բազմաթիվ հարցեր՝ կապված «ՀայՓոստ»-ի գործունեության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մրցույթների կազմակերպման և այլ ոլորտների հետ։
Պատգամավորը դիմել է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Բաբկեն Թունյանին՝ առաջարկելով կազմակերպել նման քննարկումներ։
Աբրահամյանը, ընդգծելով իր՝ բիզնես ոլորտում ներգրավված լինելու հանգամանքը, առաջարկել է գործընթացում ներգրավել նաև անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն ֆինանսական, այլև տեխնիկական աուդիտներ, ուսումնասիրել ընկերությունների կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել իրականացվող գնումների և մրցույթների գործընթացները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր