Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Իսկապե՞ս…

Իսկապե՞ս…

Mon, 13 Apr 2026 23:45:15 +0400


«Ուժը լեգիտիմության մեջ է, եթե լեգիտիմ ես, ուժեղ ես անսահման,- ասում է Նիկոլը,- բա էսքան բանի միջով անցել ենք, ո՞նց ենք կարողացել անցնել»: Այս դատողությամբ արծարծվում է մեկ-երկու հարց:

Մեկ առ մեկ պատասխանեմ. ուժն, իհարկե, լեգիտիմության մեջ է, բայց ինչպիսի՞ ուժի մասին է խոսքը: Եթե այն ուղղված է սեփական երկրի քաղաքացիների դեմ, ապա խոսք չկա, դու ուժեղ ես: Դու չես կարող ուժեղ չլինել, քանի որ ի պաշտոնե փողոցում շրջապատված ես զինված թիկնապահներով: Իսկ դա ուժի առաջնային դրսևորում է: Որպես պետության ղեկավար պաշտպանված ես ոստիկանությամբ, քննչականներով, դատախազությամբ ու դատարանների մեծ մասով: Այդ ամենը հաշվի առնելով՝ դու ամենաուժեղ անձն ես Հայաստանում:

Իսկ հիմա պատկերացնենք, որ հունիսի 7-ից հետո դու զրկվում ես այդ ամենից: Ու քո ստեղծած կուսակցությունը խորհրդարանում կորցնելով մեծամասնությունը՝ վերածվում է ընդդիմադիր խմբակցության: Ճիշտ այնպես, ինչպես անցած կիրակի դա տեղի ունեցավ Հունգարիայում: Դու դադարո՞ւմ ես լինել լեգիտիմ: Իհարկե, ոչ: Դու ընդամենը կորցնում ես զինված թիկնապահներ ունենալու հնարավորությունը: Քեզ այլևս չեն պաշտպանելու ոստիկանությունը, քննչականները, դատախազությունն ու դատարանների մեծ մասը: Ոչ միայն չեն պաշտպանելու, այլև քո նկատմամբ քրեական գործեր են հարուցելու կամ վերաբացելու են 2018-ի մարտի 31-ից քո գործած ապօրինությունների ու հանցագործությունների համար: Եվ ոչ միայն անձամբ քո, այլև քո շրջապատի անձանց նկատմամբ: Այնպես որ միանշանակ չէ, որ լեգիտիմությունն ուժ է: Դա ասվեց ներքին կյանքի առումով:

Իսկ հիմա վերցնենք արտաքին քաղաքականությունը: Եթե լեգիտիմության մեջ է ուժը, ապա ո՞նց է ստացվում, որ մեր թշնամին քեզ ու քեզ հետ միասին ստորացնում է մեր ողջ պետությունը, իսկ դու ձայն չես հանում: Էլ չասած քո ենթականների մասին: Եթե լեգիտիմության մեջ է ուժը, ապա ո՞նց է ստացվում, որ թշնամին մտնում է ՀՀ տարածքը ու դու չես կարողանում վռնդել նրան: Ինքդ քեզ ու քեզ ձայն տված ու չտված ժողովրդին խաբում ես սահմանազատում կոչված անիմաստ գործընթացով: Եվ, վերջապես, ո՞նց է ստացվում, որ մեր թշնամին մեզ անընդատ պահանջներ է պարտադրում: Ու դու գլուխդ կախ կատարում ես դրանք, քանի որ քո լեգիտիմությամբ հանդերձ անզոր ես թշնամու դեմ դիմաց:

Եվ, վերջապես, արհավիրքների միջով անցնելու մասին: Նախ, «էսքան բանի» անունն էլ տուր, որ մարդկանց համար հստակ լինի՝ արհավիրքներ: Երկրորդ, արհավիրքների միջով անցնելով մեկն ավելի է ուժեղանում՝ անկախ լեգիտիմություն ունենալուց կամ չունենալուց: Իսկ քեզ նման հազարները կոտրվում են ու այլևս ոտքի չեն կարողանում կանգնել: Դու, դժբախտաբար, այն մեկը չես՝ չնայած շուրջ երկու տասնամյակ առաջ օպերայի հրապարակի Թումանյանի արձանի պատվանդանը փակել էիր քո «1+1+1+…» գրությամբ թղթերով: Ու ես էլ, որպես միամիտ լոռեցու ժառանգ, մասնակցել էի այդ գործողությանը: Ինչևէ, ո՛չ այդ «մեկ գումարածները» և ո՛չ էլ «դուխով» գրությամբ գլխարկը քեզ ուժ չտվեցին, ու դու կոտրվեցիր՝ քեզ հետ անդունդ տանելով մեր պետությունը: Որ 2018-ին ժողովուրդը միամտաբար վստահել էր քեզ:

Իսկ հիմա անցնենք 1949-ին Անգլիայում հրապարակված համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկին՝ Ջորջ Օրուելի «1984» վեպին: Հակաուտոպիական հանրահայտ վեպում առկա են բազմաթիվ աննորմալ կարգախոսներ, բայց կանգ առնենք միայն մեկի վրա: Դա «Պարտությունը հաղթանակ է» դատողությունն է: Ինչպես տեսնում ենք, այն ավելի քան տիպական է հնչում մեր օրերի առումով: Օրուելն, իհարկե, նկարագրում էր երևակայական երկրի կյանքը: Ու դժվար թե պատկերացներ, որ շուրջ 75-80 տարի անց այն կյանքի կկոչվի աշխարհի մի անկյունում պատսպարված երկրում, որի մասին երևի լսած էլ չլիներ: Որքան ինձ հայտնի է, մարդիկ հպարտ են լինում պատերազմում հաղթանակած երկրում: Կամ այնպիսի երկրում, որը թշնամուց շատ ավելի թույլ լինելով՝ նրան հասցնում է ծանր հարվածներ: Մոտավորապես այն, ինչ տեղի է ունենում Իրանի առումով: Բայց քանի որ մեր երկիրը շողուլից ընկած վիճակում է՝ այստեղ մարդիկ հպարտ են: Հպարտ են՝ չնայած պատերազմում մեր կրած խայտառակ պարտությանը: Հպարտ են՝ չնայած բոլոր ստորացումներին, որ արևելքից թափվում են մեր գլխին: Ու իրենց հետ էլ հպարտ է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը: Ում գլխավոր հրամանատարությամբ 44-օրյա պատերազմում մենք պետք է չշշկռվեինք՝ ինչպես հորդորում էր մեզ Արոն:

Բայց այդ ամենից ազատվելու ճանապարհ կա. դա հունիսի 7-ին քեզ ու քեզ նմաններից «ոչ» ասելու ճանապարհն է: Ու հայոց աշխարհում նոր կյնք սկսելը, որտեղ չեն լինելու նախկինների բեսպրեդելն ու քո բերած արհավիրքները: Ու մեր սերունդները գլուխ կգովեն ոչ թե «էսքան բանի միջով անցնել կարողանալու», այլ հզոր ու հպարտ պետություն կառուցելու առումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետություն ես, մասնավոր ընկերություն չես, որ ձեռքերդ լվանաս, մի կողմ քաշվես

«Հրապարակ»․ Պետություն ես, մասնավոր ընկերություն չես, որ ձեռքերդ լվանաս, մի կողմ քաշվես Sat, 22 Aug …