Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի «ասող»
Mon, 02 Nov 2026 22:15:02 +0400

Այսօր Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան, հրաժարականի տեքստ էր հրապարակել եւ հրաժեշտ տվել իր պաշտոնին: Նա առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ տարիների վստահության, համատեղ անցած ճանապարհի և պետական պատասխանատու գործում իմ ներդրումն ունենալու հնարավորության համար, չնայած պարզ է, որ իրեն մերժել է հենց Փաշինյանը` նշանակելով Լիլիթ Ստեփանյանին։ Նա նաեւ նշել է, որ պատրաստ է իր փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը և մեր քաղաքացիներին։ Վասակ Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ պաշտոնից ազատվելու մասին, հարցրինք՝ միգուցե այլ աշխատանքի՞ է տեղափոխվում, ավելի բարձր պաշտոնի. «Առանց մենկաբանությունների, ինչ պետք էր, ես իմ հայտարարության մեջ ասել եմ»,-եղավ պատասխանը:
Նշենք, որ օգոստոս ամսից, երբ Ահարոն Սահակյանը ԱԺ գնաց, մարզպետի պարտականությունները կատարում էր Վասակ Վարդանյանը: Խոսակցություններ կային, որ հենց ինքն էլ կնշանակվի մարզպետի պաշտոնին: Սակայն Փաշինյանը երկար մտորումներից հետո նշանակեց Լիլիթ Ստեփանյանին, ով մի քանի օր առաջ վայր դրեց մանդատը ու նշանակվեց մարզպետի պաշտոնին: Դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Լիլիթ Ստեփանյանը, սակայն վերջինս զարմացած` հայտարարում էր, որ իր նշանակման մասին լուրը լսել է մամուլից: Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ, Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, ապա Պետրոսյանի միջնորդությամբ՝ Հրազդանի համայնքապետի ժ/պ՝ մինչև ՏԻՄ ընտրությունները: Լիլիթ Ստեփանյանին մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանը կրկին Կոտայքի մարզը վերցրեց իր հսկողության ներքո: Հետաքրքիրն այն, է որ Լիլիթ Ստեփանյանը Սասուն Միքայելյանի ընկերոջ՝ Սասուն Ստեփանյանի աղջիկն է, սակայն տարիներ առաջ նրանց հարաբերությունները խզվել են, քանի որ Միքայելյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի միջեւ հակասություններ կային, իսկ Լիլիթ Ստեփանյանը վեճի կողմերից ընտրել էր Ռոմանոսին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր