«Մեծ Եղեռն». Թրամփը կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը
Sat, 25 Apr 2026 09:53:22 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ հղած իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդ իրադարձությունները ներկայացնելով որպես «Մեծ Եղեռն»:
Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն հարգանքի տուրք է մատուցում ի հիշատակ արտաքսված և դաժանաբար սպանված անհամար հայերի:
«Հիշատակի այս օրը մենք մեր անսասան համերաշխություն ենք հայտնում բոլոր ամերիկահայերին և ամբողջ աշխարհի հայերին՝ հիշելով ավերիչ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի քան 100 տարի առաջ և մինչև հիմա պահպանվում են այդ համայնքների հավաքական հիշողության մեջ», – ասվում է ուղերձում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատմության այս ողբերգական էջը հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեական հավատքի հիմքում ընկած հույսի վկայությունն է:
Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ–ն հարգում է հայերի ուժն ու դիմացկունությունը անցյալի ողբերգությունները հաղթահարելու և բարգավաճման, անվտանգության և խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու գործում:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կշարունակեն համատեղ աշխատել Հարավային Կովկասի կայունությանն ուղղված համագործակցությունն ամրապնդելու և ռազմավարական գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ:
«Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ զգալի հնարավորություններ ընձեռելով հայ ժողովրդին և նպաստելով Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունությանը», – նշել է ՄԱՆ նախագահը։
Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու հայերը ուս ուսի կանգնած ջանքեր են գործադրում խաղաղության առաջմղման և անվտանգության նոր դարաշրջանի ձևավորման համար։
Նշենք, որ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Թրամփն իր նախագահության ընթացքում ոչ մի անգամ (այդ թվում՝ առաջին ժամկետով պաշտոնավարման օրոք) չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր